ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց` խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները։ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով արված հայտարարության ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ–ից։
«Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար: Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը»,–ասել է Միրզոյանը։
Նա նշել է նաև, որ անընդունելի է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված է հայկական ինքնության խեղաթյուրմանը։
Միրզոյանի խոսքով` այս առումով հայկական կողմն ակնկալում է միջազգային հանրության հասցեական արձագանքը և ընդգծում ԼՂ–ում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը սկզբունք և ռազմավարություն է, և հուսով է, որ ԵԱՀԿ-ն կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Միրզոյանը շեշտել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Բացի այդ, նշվել է, որ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։