ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Գուգարք համայնքի խախտված իրավունքները լիովին վերականգնվել են, համայնքի նախկին ղեկավարի կողմից պետությանը պատճառված շուրջ 12.5 մլն վնասը փոխհատուցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դեպքով հարուցված քրգործի քննությամբ հիմնավորվել է, որ 2005-2020 թվականներին Գուգարք համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Աշուղյանը համայնքին պատկանող 0,12 հա մակերեսով հողը 50 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 2000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է կնոջը` Ն. Քոչարյանին։
Դրանից հետո այդ հողատարածքի մի մասը համայնքի նախկին ղեկավարի կինը տարեկան 1 020 000 դրամով ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ընկերության: Արդյունքում, մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ընտանիքը ստացել է շուրջ 12.5 մլն դրամ։
Նախաքննության ընթացքում Աշուղյանը համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է: 2022թ. հուլիսի 14-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքների կատարման համար և դատապարվել 3 տարի ժամկետով ազատազրկման տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Սակայն նկատի ունենալով ամբաստանյալի տարիքը` առողջական խնդիրները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերականգնել է համայնքին պատճառված վնասը, անձը զղջացել է արարքի համար և աջակցել հանցագործության բացահայտմանը՝ ազատազրկման պատիժը չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան: