Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի. ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել

Ռուսաստանի հրապարակը Երևանում
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, չափսը պետք է համապատասխանի տեղանքին, բարձրությունը չգերազանցի 6 մետրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձան տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը մրցույթ է հայտարարել, նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել։
«Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից ու Ռուսաստանից։ Ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ»,- նշվում է ԿԳՄՍ հաղորդագրությունում։
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է, քվեարկությունն անցկացվելու է գաղտնի, իսկ ստեղծագործության նյութի ու ոճի ընտրությունն ազատ է։

Նախատեսվում է հուշարձանը տեղադրել Ռուսաստանի հրապարակում, որը գտնվում է Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում, այդ պատճառով չափսը պետք է համապատասխանի տեղանքին, բարձրությունը չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը։

Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:
Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան