ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում գյուրզա օձը խայթել է 12-ամյա մի տղայի, նրան տեղափոխել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկը, այնտեղից էլ` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
Բուժհաստատությունը ներկայացրել է մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Ըստ հաղորդագրության` տղան օգնել է հողամասում աշխատող հորը, երբ օձը խայթել է նրա աջ ոտնաթաթի կոճերի շրջանում։ Ոտքի վրա կծածի 4 հետք է նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ։
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, թունաբան Մարինե Գրիգորյանն ասել է, որ օձի թույնից զարգացել են երկտեղանի սիստեմոտոքսիկ ռեակցիաներ, արյան մակարդելիության խանգարում, հեմոլիզ, մկանային քայքայումներ և այլ ախտանշաններ:
Երեխան ստացել է հակաթույն և ախտանշանային բուժում, անցել է նաև բարոթերապիայի 5 սեանս: Առաջին իսկ սեանսից փոփոխությունը նկատելի է եղել. բարոթերապիայի ազդեցության շնորհիվ այտուցն աստիճանաբար իջել է, ցավը` նվազել: Երեխան դուրս է գրվել համալսարանական կլինիկայից: