ԱՀԿ-ն փաստում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել

ԱՀԿ գլխավոր մասնաշենքը. Արխիվային լուսանկար
ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավարի խոսքով` վերջին 6 շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի թիվը եռակի ավելացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է COVID-19-ի նոր ալիքի մասին, որը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն մանրէահիմքի ենթատեսակով։ Այս մասին ասվում է այսօր տարածած հայտարարության մեջ։
«Ակնհայտ է, որ գտնվում ենք նախորդ ամառ տեղի ունեցող համանման իրավիճակում, միայն թե այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «օմիկրոնի» տարատեսակով, մասնավորապես BA.2 և BA.5, ընդ որում «օմիկրոնի» յուրաքանչյուր գերիշխող տարատեսակ ակնհայտ գերակայություն է ցուցադրում փոխանցման առումով նախկինում շրջանառվող վիրուսների համեմատ»,- հայտարարել է Կլյուգեն։
Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով
Նա հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում COVID-19-ի նոր դեպքերի թիվը Եվրոպական տարածաշրջանում եռապատկվել է, իսկ նախորդ շաբաթ գրանցվել է մոտ 3 մլն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում գրանցված բոլոր նոր վարակների շուրջ կեսը։ Կլյուգեն նաև մտահոգություն է հայտնել, որ COVID-ն ավելի արագ է տարածվելու ցրտերի մոտենալուն պես։
Պայքարի ռազմավարությունը, մասնավորապես, հետևյալն է` բնակչության ավելի մեծ թվով պատվաստում, փակ տարածքներում և տրանսպորտում դիմակներ կրելու խրախուսում, փակ տարածքների օդափոխության ուժեղացում։