ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Ռոսնեֆտ» ընկերության «Rosneft Deutschland» դուստր ձեռնարկությունը ԳԴՀ–ի էկոնոմիկայի դաշնային նախարարությանն առաջարկել է նավթ մատակարարել Ղազախստանից, քանի որ Գերմանիայի իշխանությունը որոշել է 2023 թվականից հրաժարվել ռուսական նավթից։ Այս մասին հայտարարել են Արևելյան Գերմանիայի և Բեռլինի բիզնես ասոցիացիաների միավորումից։
Այլընտրանքային ծրագրի համաձայն` նավթը Ղազախստանից պետք է «Դրուժբա» խողովակաշարով տեղափոխվի գերմանական Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան` չընկնելով սահմանափակումների տակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ռոստոկ քաղաքից խողովակաշարով նավթի մատակարարումների հետ մեկտեղ, Շվեդտի վերամշակման գործարանի աշխատանքը հավանաբար հնարավոր կլինի ապահովել 100%–ով։
«Եթե ոչինչ չօգնի, Արևելյան Գերմանիայում և Բեռլինում բիզնես ասոցիացիաների շահագրգիռ խումբը պահանջում է, որ «Դրուժբա» խողովակաշարով շարունակի հոսել ռուսական նավթը: Ի վերջո, ոչ ոքի հնարավոր չէ բացատրել` ինչու Ռուսաստանից գազ հնարավոր է ներկրել, իսկ նավթ` ոչ»,– գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։