«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են

Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են։
Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների, ինչպես նաև «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստին զուգահեռ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։
Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների լուսանկարները։ Դրանց թվում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի և Արսեն Մարտոյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, հանրապետական Նարեկ Մանթաշյանի և հենց Բադալյանի լուսանկարները։
Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են։
Բացի այդ, փակցված են «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լուսանկարները։
«Մենք ապրում ենք բռնապետության մեջ, որտեղ մարդկանց սպանում են ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես. օրեր առաջ տեսանք, թե ինչպես մահացավ մեր ընկերը՝ Արմեն Գրիգորյանը։ Մենք մեր երկիրը սիրում ենք, բնականաբար, չենք ուզում, որ իշխի այդ մարդասպան ծաղրածուն։ Այս իշխանությունները այսօր միմիայն ռեպրեսիաների հույսին են»,- ասաց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ տարբեր քրեական գործերով կալանավորվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել է, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։
Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։