Ի՞նչ է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ

Սերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկինի խոսքով` կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ու ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ Տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց Նարիշկինը` նշելով, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ։
«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասաց Նարիշկինը։
Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։
«Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք բացահայտելու և կանխելու համատեղ գործողությունները»,- ասաց Նարիշկինը։
Այս խորհրդատվությունները, ըստ նրա, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Նարիշկինն ընդգծեց` երկու երկրների փոխգործակցության մակարդակը վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։
Հիշեցնենք` Նարիշկինի այցի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: