Հունաստանում կործանվել է ուկրաինական Ան-12 ինքնաթիռ. կադրեր վթարից

Ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Պալեոխորի գյուղի մոտ, Կավալայի օդանավակայանից 40 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հունաստանում երեկ երեկոյան ուկրաինական Ան-12 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում է հունական ERT հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կավալա քաղաքից դեպի արևմուտք։
Վերջին անգամ ռադարների էկրանին օդանավը հայտնվել է Կավալայից 10 ծովային մղոն հեռավորության վրա։ Օդաչուն հայտնել է 4 շարժիչներից մեկի խափանման մասին և անմիջապես Կավալա քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն ստացել։
Ինքնաթիռը 180 աստիճանով շրջադարձ է կատարել, որպեսզի վայրէջք կատարի, սակայն շարժիչն այրվել է, ինչից հետո պայթյունի ձայներ են հնչել։
Ան-12-ի բեկորները հայտնաբերվել են Պալեոխորի գյուղի մոտ՝ Կավալայի օդանավակայանից 40 կմ հեռավորության վրա։
Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է 8 հոգուց բաղկացած անձնակազմը։ Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Ուկրաինական ընկերությանը պատկանող օդանավը Սերբիայից դեպի Հորդանան առևտրային տրանսպորտային թռիչք էր իրականացնում։