Կապուտակ Սևանն առաջվանը չէ. այն կրկին կանաչել է

Ներկա պահին Գեղարքունիքի մարզում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը նաև հայտնում է, որ կանաչած մասում Սևանի ջուրը գարշահոտություն ունի։
Sputnik
Սևանա լիճը կրկին կանաչել է, և գարշահոտություն է տարածվում։ Այս մասին Գեղարքունիքի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Գավառի կողմից արված տեսանյութում և լուսանկարներում երևում է, որ երբեմնի կապուտակ Սևանը փոխել է գույնը և, ամենայն հավանականությամբ ջրիմուռների պատճառով, այն կանաչել է։
Նշենք, որ նախորդ տարիներին էլ նույն խնդիրը եղել է։ Այն բավական նկատելի սկսել էր ծաղկել էր 2018 թվականի ամռան սեզոնից։ Հաջորդ տարիներին նույնպես խնդիրն ի հայտ է եկել։
Մասնագետները հայտնում էին, որ տարբեր գործոններ են ազդում այդ փոփոխության վրա. ջրի ջերմաստիճանի բարձրացումն ու երկարատև շոգը, ֆոսֆորի պարունակության ավելացումը, նաև ջրի մակարդակի տատանումները։ Անցած տարիներին նրանք հայտնաբերել էին, որ լճի ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տեսակ (անաբենա) է բազմանում, որը թունավոր է համարվում։ Արդյունքում լճի կրկնակի աղտոտման վտանգ է ի հայտ գալիս։