Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Քերըն Դոնֆրիդին

Արարատ Միրզոյանը
Հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
«Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին։
Մտքեր են փոխանակվել հուլիսի 16-ին վրացական կողմի հյուրընկալությամբ Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը:
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։ Կողմերն անդրադարձել են բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Քննարկվել է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին