ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դրական է գնահատել Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։
«Ուղղակի երկխոսությունն ադրբեջանական և հայկական տարաձայնությունների լուծման ամենակարճ ճանապարհն է»,– գրել է Բլինկենը։
Հիշեցնենք, որ Միրզոյանի և Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախաձեռնությամբ հուլիսի 16–ին։ Այն տևել է մոտ 3 ժամ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Քննարկվել են նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Միրզոյանը բարձրացրել է նաև մարդասիրական բնույթի հարցեր, անդրադարձել գերիների վերադարձի խնդրին։