ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Անցած գիշեր անհայտ անձինք պղծել են Թուրքիայում գտնվող հրեական գերեզմանոցը։
Այս մասին Twitter-ում հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքը` հրապարկելով վանդալիզմի ենթարկված գերեզմանաքարերի լուսանկարները։
«Կեսգիշերին ներխուժել են մեր «Հասկոյ» գերեզմանատուն և ավերել մեր 36 տապանաքարերը։ Գործը բոլոր լուսանկարներով և գիշերային ձայնագրություններով ուղարկվել է պատկան մարմիններին, և մենք ակնկալում ենք, որ այս վանդալիզմի մեղավորները հնարավորինս շուտ կձերբակալվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Տեղի ունեցածը Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ նողկալի հարձակումը։ Համապատասխան կառույցները ձեռնարկում են բոլոր միջոցները` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ հարձակվեն սուրբ արժեքների վրա և փորձեն կռիվ ու թշնամանք սերմանել մեր հասարակության մեջ»,- գրել է Էրդողանի խորհրդականը։
Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ հրեական գերեզմանատանը կատարված վանդալիզմի հեղինակները 11-13 տարեկան 5 երեխաներ են եղել։
Պաշտոնական տվյալներով` նրանք գերեզմանատան տարածքում շրջել և կոտրել են ոչ թե 36, ինչպես հայտարարվել էր, այլ 81 տապանաքար: