ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի հայաստանյան այցի օրակարգն ամբողջությամբ ամերիկյան է, Հայաստանն օրակարգ չունի։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Այս առումով ԿՀԳ գործընկերը ԱԱԾ-ն չէ, այլ ԱԽՔ-ն է, քանի որ հայ-ադրբեջանական «հաշտեցման» մի գիծը Գրիգորյանն է տանում՝ Հաջիևի հետ (կարծում եմ` դրա համար էր ԱԱԾ-ն ասում, որ իրենք այցից տեղակ չեն: Բնականաբար տեղյակ էին, բայց հասցեատերն իրենք չէին:) Վստահ եմ` այցի օրակարգն ամերիկյան է: Մենք օրակարգ չունենք»,– գրել է Սարգսյանը:
Քաղաքագետն արձանագրում է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ հիմնական թիրախներն են Իրանը և Ռուսաստանը: Բայց այս ժամանակահատվածում, ըստ նրա, հիմնականը Ռուսաստանը Հարավային Կովկասից հանելն է։ Սարգսյանի համոզմամբ` հենց դրանով է պայմանավորված Իրանի ներկայիս հանգստությունը:
«Քանի կա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, Վաշինգտոնն ակտիվ է լինելու: Քի Վեստը, ֆուտբոլային դիվանագիտությունը ձեզ օրինակ»,– նշում է քաղաքագետը` հավելելով, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Արցախում խանգարում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորմանը։
Սարգսյանը նաև նշում է, որ ԿՀՎ–ի համար տարածաշրջանում առավել կարևոր պետութուններ են Վրաստանն ու Ադրբեջանը:
Քաղաքագետը հիշեցնում է, որ ԿՀՎ տնօրենի առաջին հանդիպումը ՀՀ ղեկավարի հետ տեղի է ունեցել 1994թ.–ին ՀՀ նախագահի Վաշինգտոնի կեցավայրում։
«Այդ ժամանակ ԿՀՎ ղեկավարությունը մեզ դիմել էր Մերձավոր Արևելքում իրենց մի շատ կոնկրետ հարցով աջակցելու խնդրանքով»,– գրում է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք` երեկ` հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան։
Ավելի ուշ այցի մասին արդեն նաև պաշտոնական տեղեկատվություն տարածվեց. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ուիլյամ Բըրնսին:
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
ԿՀՎ տնօրենը հանդիպել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման` Հայաստանի մոտեցումը։
Այս համատեքստում քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։