Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը շուրջ 3 ժամ տևած երկկողմ հանդիպմանը

ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի` Թբիլիսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման` նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը և այս համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։
ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Կողմերը հաստատել են շփումները շարունակելու պատրաստակամությունը:
Երկու երկրների ԱԳ նախարարների առաջին երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել այսօր Թբիլիսիում, Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։
Այն մեկնարկել էր կեսօրին մոտ ու տևեց շուրջ 3 ժամ` մինչև 15։00-ն։ Նախարարների առանձնազրույցի ավարտից հետո մեկնարկել է ավելի ընդարձակ` պատվիրակությունների հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է. այն տևել է շուրջ 3 ժամ