Հայաստան–Վրաստան հարաբերությունների զարգացումը ռազմավարական կարևորություն ունի. Միրզոյան

Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի Sputnik. Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Այս մասին ասել է ՀՀ ատգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ատգործնախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
Հայտնել ենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ նախատեսված է հանդիպում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Իրակլի Ղարիբաշվիլի
Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:
Արարատ Միրզոյան
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք` Թբիլիսիում արդեն մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։