Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է. այն տևել է շուրջ 3 ժամ

Երկկողմ հանդիպումը մեկնարկել էր կեսօրին մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Թբիլիսում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Երկկողմ հանդիպումը մեկնարկել էր կեսօրին մոտ ու տևել է շուրջ 3 ժամ` մինչև 15։00–ն։
Նշվում է, որ երկկողմ հանդիպման ավարտից հետո մեկնարկել է ավելի ընդարձակ` պատվիրակությունների հանդիպումը:
Երկկողմ հանդիպման ժամանակ, ըստ նույն աղբյուրի, քննարկվել են տարածաշրջանային, տրանսպորտային և այլ հարցեր:
Նշենք, որ հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսին