ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-ի կեսօրին մոտ տարօրինակ միջադեպ է գրանցվել Աբովյան քաղաքում գործող բանկերից մեկում։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, բանկի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ:
Բանկի 42-ամյա կառավրիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով»։
Մինչ այդ, բանկից ստացված ահազանգով այնտեղ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել հափշտակության անհաջող փորձ արած ներարկիչով «զինված» տղամարդուն։
Նա Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ է։
Դեպքին առնչվող տեղեկատվությունը փոխանցվել է նախաքննական մարմնին։