Ուզում ենք, որ ՀՀ բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Վարչապետի խոսքով` սահմանապահ զորքերը խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունն ուզում է, որ Հայաստանի բոլոր սահմանները հանձնվեն սահմանապահներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց զինված ուժերի տրամաբանության մեջ հենց այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»,– ասել է նա։

Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ գիտակցում են, թե ինչ բարդությունների հետ է այդ ամենը կապված։
«Ցավոք, մեր երկրի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները ոչ միայն լուծված չեն, այլև դրանք շարունակում են մնալ մտահոգիչ: Մենք բոլորս, առաջին հերթին` երկրի քաղաքական ղեկավարությունը, պիտի աշխատենք, որպեսզի ապահովենք խաղաղություն և կայունություն մեր երկրի սահմանների երկայնքով»,–նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով` սահմանապահ զորքերն ընդհանրապես խաղաղության խորհրդանիշ են, որովհետև այն սահմաններում, որոնց պահպանությունը հանձնված է նրանց, սովորաբար համարվում են խաղաղ սահմաններ:
Նա հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հանձնել է պետական պարգևներ: Հետմահու Արիության մեդալով է պարգևատրվել կապիտան Հրանտ Արզումանյանը, Մարտական ծառայության մեդալով՝ սերժանտ Կարեն Սարգսյանը: Պարգևները հանձնվել են հարազատներին:
Փաշինյանը Մարտական ծառայության մեդալներ է հանձնել փոխգնդապետ Վահան Համբարձումյանին և կապիտան Վլադիմիր Թումասյանին: