ՌԴ սակրավորները շարունակում են ականազերծել ազատագրված Սևերոդոնեցկը, քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնաբերվել և վնասազերծվել է ուկրաինական 152 մմ չպայթած հրետանային արկ և նռնականետի զինամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանցի ռազմական ինժեներներն իրենց աշխատանքում օգտագործում են ՕՎՌ-2-02 նոր պաշտպանական կոստյումներ, սաղավարտային տեսախցիկներ և հրամանատարական պլանշետ, որը կարող է ցուցադրել ոչ միայն սաղավարտային տեսախցիկներից, այլև «Սկարաբեյ» և «Սֆերա» փոքր զննիչ ռոբոտներից ստացած պատկերները։
Այժմ սակրավորների գլխավոր խնդիրը քաղաքի տրանսպորտային մայրուղիների ականազերծումն է, որպեսզի շինարարներն ու վերանորոգման ծառայությունները կարողանան անվտանգ կերպով վերականգնել Սևերոդոնեցկի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքը:
Բացի այդ, իրենց տներում պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու դեպքում քաղաքի բնակիչները կարող են դիմել ՌԴ սակրավորներին։
Զինվորական ինժեներների խոսքով՝ բնակիչներին և վերանորոգման բրիգադներին սպառնում են հիմնականում չպայթած հրետանային ականներն ու արկերը, հակատանկային և հակահետևակային ականները, կասետային զինամթերքի խոցող տարրերը, խոշոր տրամաչափի հրաձգային զենքի զինամթերքը: Ավելի հազվադեպ, բայց հանդիպում են նաև զանազան ծուղակ-ականներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։