«Նա մեր ընկերն էր»․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին

Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը վստահ է, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել էին ռուսամետ դիրքորոշման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի մահը` նրան անվանելով հանրային կարծիքի ամենառուսամետ առաջնորդը Հայաստանում։

«Նա այցելում էր մեր տուն, ուրախանում, որ մեր երեխաները հայերեն են խոսում․․․ Այսօր նա մահացել է դատարանի դահլիճում, որտեղ հայտնվել էր ճշմարտության և իր ռուսամետ դիրքորոշման համար։ Մեր ընկերոջը ձերբակալել էին «Հայաստանի ժողովրդին վիրավորելու» մեղադրանքով։ Իրականում քիչ բան կա հայ ժողովրդի համար ավելի վիրավորական, քան այս ձերբակալությունն ու մահը»,- գրել է նա Telegram–յան ալիքում։

Սիմոնյանի խոսքով` Գրիգորյանը չէր վախենում խոսել Ռուսաստանի հետ բարեկամության մասին։ Նա իր գրառմանն է կցել 2020 թվականի նոյեմբերի տեսանյութը, որում Գրիգորյանը ելույթ է ունենում ռուսերեն լեզվով:
Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։