Հողային բարեփոխումներն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի

Գյուղատնտեսական աշխատանքներ
Խումբը բաղկացած է 7 հոգուց և այն ղեկավարելու է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում հողային բարեփոխումների անհրաժեշտության և հայեցակարգային մոտեցումների մասին քննարկման շարունակականությունն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
Խմբում ընդգրկված է 7 պաշտոնյա` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը (խմբի ղեկավար), նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նույն նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։
Քերոբյանը որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնի։
Նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբեր ամսին Քերոբյանը հայտարարել էր հողային բարեփոխումների մեկնարկի մասին։ Նա նշել էր, որ Հայաստանում հողի մասնատվածությունը շատ բարձր է, և միջին գյուղացին ունի 4 հողակտոր, որոնց հանրագումարը 1,5 հեկտար է, և այդ կոնֆիգուրացիան թույլ չի տալիս, որպեսզի գյուղացիները այսօր կարողանան գումար աշխատել և բարելավել իրենց կենսամակարդակը: