ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է հայ–թուրքական բանակցություններին ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտք գործելու արգելքին։
«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես` Հայաստան-Թուրքիա բանակցությունները և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելը: Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների համար: Անհրաժեշտ է հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել հանրությանը»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Մուրադ Փափազյանը երեկ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան, և դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։