Երևանում պատրաստվում են նշել Մոսկվայի 875-ամյակը

Մոսկվայի դրոշը. Արխիվային լուսանկար
Տոնական միջոցառումները կոչված են նպաստելու երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության խորացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքում նշել Մոսկվայի 875-ամյակը։ Տեղեկությունն այսօր հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի մայրաքաղաքին պատրաստվում են շնորհավորել նաև Երևանում։ «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել քաղաքի օրվա նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի առաջին նիստը»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տոնական միջոցառումների կազմակերպման մանրամասները, նշվել են, որ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հետաքրքիր ծրագիր է սպասվում: Քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր, գրական մրցույթներ, դասախոսություններ, մարզական մրցաշարեր:
Տոնական միջոցառումները նվիրված կլինեն ոչ միայն Մոսկվայի 875-ամյակին, այլև ևս մեկ կարևոր իրադարձությանը՝ մոսկովյան «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի բացման 15-ամյակին:
Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ միջոցառումները բարեկամության կամուրջ կդառնան ռուս և հայ ժողովուրդների միջև նպաստելով երկու մայրաքաղաքների միջև մշակութային երկխոսության զարգացմանը: