ԲԴԽ–ն մերժել է. Վարդազարյանը վերջնականապես զրկվեց ԲԴԽ անդամի և դատավորի լիազորություններից

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է հրապարակման պահից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԲԴԽ–ն, գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու մասին բողոքը, մերժել է այն։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են, ինչից հետո Վարդազարյանն ու նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը Բարձրագույն դատական խորհուրդ բողոք էին ներկայացրել ընդդեմ այդ որոշման։
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Հանձնախումբ է ձևավորվել, Վարդազարյանից ամբողջական ձայնագրությունն ենք ուզել. Խաչատուրյան
Հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Նա նշում է, որ կարող է քրեական գործեր կարճել տալ, քրեական գործեր հարուցել` «սա կջրենք», «նա կջրենք»։ Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը պարզաբանել էր, թե «կուտ է տվել» նման բաներ ասելով։
Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. վարույթի հարուցումը մերժվեց։
Հուլիսի 1-ին Ջհանգիրյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։