550 անվճար տեղ թափուր է. ամփոփվել են բուհական ընդունելության հիմնական փուլի արդյունքները

Դիմորդներ
Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում բուհերին տրամադրած անվճար տեղերից 550–ը թափուր են մնացել: Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ
Ըստ հաղորդագրության` նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները:
Քննարկվել և հաստատվել են արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ շուրջ 200 դիմորդ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:
Նիստի ընթացքում Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:
«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,- շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:
Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։
Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին: