ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հակառուսական պատժամիջոցների 7-րդ փաթեթով ռուսական գազի մատակարարման կրճատում չի նախատեսվի։ Տեղեկությունը «Reuters» գործակալությանն է հայտնել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։
«Ես կարծում եմ, որ այդպիսի բան չի լինի, քանի որ մի շարք երկրներ կախված են ռուսական գազից», - ասել է նա։
Ֆիալայի խոսքով՝ Չեխիան այս ձմռանը չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Ընդ որում, ըստ վարչապետի, Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ գազամատակարարումը չի վերսկսվի «Հյուսիսային հոսք» գազատարի տեխնիկական սպասարկման ավարտից հետո:
Ֆիալան կողմ է գազի համատեղ գնումներին, սակայն ընդգծել է, որ դա դժվար է իրականացնել։
Սպասվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթում ռուսական ոսկու ներմուծման արգելք կներառվի, ինչպես նաև կընդլայնվի ՌԴ արտահանելու համար արգելված երկակի նշանակության ապրանքների ցանկը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։