ՔՊ-ն ընդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի. Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում. Արխիվային լուսանկար
Ռուբինյանը հույս հայտնեց, որ ընդդիմությունը «գլուխը կախ» կվերադառնա ԱԺ ու չի կարողանա իշխանական պատգամավորների ներկայությամբ ասել այն, ինչը ասել է փողոցային ակցիաների ու հանրահավաքների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չի դիմի։ Այս մասին ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Պատճառները մի քանիսն են` նախ, ըստ Ռուբինյանի՝ ԱԺ-ում «աշխատանքները կարգավորվել են»։

«Ֆիքսենք, որ մի քանի ընդդիմադիր պատգամավորներին Ազգային ժողովում իրենց պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված»,- ասաց Ռուբինյանը։

Երկրորդ պատճառը, ըստ ՔՊ-ականի, իրենց կուսակցության «հարգանքն է առ ժողովրդի քվե»։
«Մենք հարգում ենք ժողովրդի տրված քվեն և հարգում ենք ժողովրդի քվեով ձևավորված մեծամասնությունը և փոքրամասնությունը։ Կարծում ենք, որ ընդդիմության պահվածքը հենց իրենց քվե տվողների համար պետք է հարցեր առաջացնի, և մյուս ընտրությունների ժամանակ գուցե արտացոլվի»,- ասաց Ռուբինյանը։
Երրորդ պատճառն այն է, որ «ժողովրդին պետք է կայունություն»։ Իսկ վերջին պատճառը, ըստ ԱԺ փոխնախագահի, այն է, որ ՔՊ-ն չի ուզում ընդդիմությանը «փրկօղակ» նետել։

«Սահմանադրական դատարանը նրանց փախուստի փրկօղակ կլինի։ Իրենք պետք է գլուխները կախ մտնեն ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ ու չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»,- ավելացրեց Ռուբինյանը։

Ըստ Ռուբինյանի՝ եթե ընդդիմությունը, միևնույն է, չգա խորհրդարան, այդ հարցը ՔՊ-ն հետագայում կքննարկի։ «Բայց կյանքը փոփոխական բան է»,- հավելեց նա։
Ռուբինյանը հորդորեց լրագրողներին «գտնել ընդդիմադիր պատգամավորներին» ու նրանց ուղղել հարցեր։ Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորների մի մասը հիմա խորը ճգնաժամի մեջ է, մյուս մասն էլ, հավանաբար, Երուսաղեմում քավում է մեղքերը։
Նշենք, որ հուլիսի 11–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում, հնարավոր է, դիմի Սահմանադրական դատարան` ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
ԱԺ կայքում հրապարակվել էր նույն բովանդակությամբ 33 որոշման նախագիծ` ԱԺ ընդդիմադիր 33 պատգամավորների վերաբերյալ` բացառությամբ ընդդիմադիր խմբակցության կազմից դուրս եկած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի։