ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռուսերենի ուսուցման բարելավման կարևորությունը: Այս հարցում հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը:
ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը: