ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Թեհրանը Մոսկվայի հուսալի գործընկերն է, Ռուսաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք ի դեմս Իրանի տեսնում ենք հուսալի գործընկերոջ ու համախոհի այն գլոբալ փոփոխությունների համատեքստում, որոնք կապված են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և հավաքական Արևմուտքի ՝ բոլոր միջոցներով այդ օբյեկտիվ գործընթացին դիմակայելու փորձերի հետ»,- ասել է նա «Ռուսաստան և Իրան. պատմական զուգահեռներ և փոխկապակցվածություն XVI–XXI դարերում» խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների լավագույն պատասխանը կլինի Ռուսաստանի և Իրանի համագործակցության խորացումը:
«Ուրախալի է, որ նման վճռականություն են դրսևորում երկու կողմերը։ Այսօր Իրանն ու Ռուսաստանը ոչ միայն հարևաններ են, այլև կարևոր գործընկերներ միջազգային գործերում»,- նշել է Բոգդանովը։
Փոխնախարարը հավելել է, որ երկրները շարունակում են աշխատել նոր միջպետական պայմանագրի վրա, որը կստեղծի 20-25 տարվա հուսալի համագործակցության շրջանակ:
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին մեկնելու է Թեհրան և բանակցելու է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: