Հերթական թիրախը ուսանողներն ու աշակերտներն են, «սորոսականները» ակտիվացել են ՀՀ–ում. «Փաստ»

ԱՄՆ–ի դրոշը
Անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու դասախոսություններ, ձեռքի հետ աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ոչ միայն երիտասարդությանը, այլև աշակերտներին թիրախավորող ծրագրերում սկսել են ակտիվանալ Հայաստանի՝ արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի «սորոսական» մի շարք ՀԿ-ներ: Տեղեկությունը հայտնում է «Փաստ» օրաթերթը։
«Շուրջ մեկ ամիս է՝ նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, այդ թվում՝ ամառային դպրոցների ձևաչափով»,– գրում է թերթը:
Հուլիսի 8-ին հայտնել էինք, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների պատրաստման ծրագրի համար: Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը: Այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանատունը:
Պարբերականի աղբյուրը տեղեկացրել է, որ անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու, պետություն–քաղաքացի հարաբերությունների մասին դասախոսություններ, ինչպես նաև լիբերալ այլ արժեքներ քարոզող տարբեր խաղեր։
Ձեռքի հետ աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով: