Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից

Տնտեսական ակտիվության աճը մայիսին արագացել է մինչև 13%, հիմնականում ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնման հաշվին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանը 2022 թվականի առաջին 5 ամիսներին տնտեսական աճով առաջ է անցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրներից։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) 2022 թվականի հուլիսի մակրոտնտեսական ամփոփագրում։
«Այս տարվա առաջին կիսամյակում եվրասիական տարածքում տնտեսական աճի առաջատարը Հայաստանն է, նրա տնտեսությունն առաջին 5 ամսում աճել է ավելի քան 10 տոկոսով»,- ասել է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ աճել է 10,2%-ով։ Մայիսին տնտեսական ակտիվության աճն արագացել է մինչև 13%` հիմնականում պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների ընդլայնմամբ (ԵԱԶԲ վերլուծաբանների գնահատմամբ՝ դրանց մասնաբաժինը կազմել է 11,6%)։
Դրական են ազդել նաև շինարարությունն ու արդյունաբերությունը։ Առևտրի և ծառայությունների ոլորտների աճը բացատրվում է ակտիվ զբոսաշրջային սեզոնով և Ռուսաստանի քաղաքացիների պահանջարկի ընդլայնմամբ։ Սա կարելի է տեսնել սպառողական և ֆինանսական հատվածներում:
ՀՀ–ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղել
Հունիսին սպառողական գների դինամիկան որոշվել է պարենային ապրանքների (հիմնականում հացահատիկային և բանջարեղենային), ծառայությունների (տրանսպորտ և հանգիստ) և ոչ պարենային ապրանքների (վառելիք և քսանյութ) գների աճով։
Ծառայությունների արժեքի աճը մայիս-հունիսին հիմնականում պայմանավորված է երկիր զանգվածաբար ժամանած օտարերկրա քաղաքացիների կողմից պահանջարկի աճով և դրա հետ կապված ծառայությունների արտահանման աճով։ Ներմուծվող ապրանքների գների աճի համար զսպող գործոն է եղել այս տարվա մայիս-հունիսին դրամի ամրապնդումը։