Գումարը հատկացվել է, բայց Մեղրիի մանկապարտեզը չի նորոգվել. Փաշինյանը հանձնարարեց պարզել

Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
Մեղրիի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքների մեկնարկը հայտարարվել է 2019թ.-ին։ 2021-ին Մեղրիի համայնքապետարանը լուսանկարներ էր հրապարակել շինաշխատանքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման համար գումար հատկացվել է, աշխատանք չի կատարվել։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ մանկապարտեզի հիմնանորոգման խոստում ինքը տվել է 2018թ-ին, որից հետո «Իմ քայլը» հիմնադրամն այդ նպատակով միջոցներ է հատկացրել։

«Ինձ համար շատ տհաճ անակնկալ էր արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում։ Մենք պետք է գործողություններ անենք` պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել։ Ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից, և ըստ էության, խայտառակ պատկեր է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ գումարը տրվել է համայնքին, որը տվյալ դեպքում հանդիսացել է ծրագրի կապալառուն։ Նա նաև Սյունիքի մարզպետին ու փոխվարչապետ Հրաչյա Մաթևոսյանին հանձնարարեց պարզել, թե ինչու աշխատանքը չի կատարվել, քանի որ մանկապարտեզը 1-1.5 տարի առաջ արդեն պետք է պատրաստ լիներ։
«Թե իրավապահ մարմիններն ինչ եզրակացության կգան, այլ խնդիր է, ձեր առաջ դրված խնդիրը հետևյալն է. օր առաջ մանկապարտեզը շահագործման հանձնվի, և երեխաների համար դռները բացվեն»,- ասաց Փաշինյանը։
Մեղրիի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքների մեկնարկը հայտարարվել է 2019թ.-ին։ 2021-ին Մեղրիի համայնքապետարանը լուսանկարներ էր հրապարակել շինաշխատանքներից։
Ըստ Մեղրիի համայնքապետարանի` կապիտալ նորոգված մանկապարտեզը պետք է ունենար նոր բացված 12 լրացուցիչ խմբասենյակ` ապահովելով 4 նոր աշխատատեղ (2 դաստիարակ, 2 դայակ) և 80 նոր սաների ընդունում, որի արդյունքում մանկապարտեզի սաների թիվը 200-ից կհասներ 280-ի։
Արցախի Վաղուհաս գյուղում նոր մանկապարտեզ է բացվել. շենքը նախատեսված է 60 երեխայի համար