ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Բարձր ջերմաստիճանի պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
«Հրդեհաշիջման ուղղաթիռների հետ կապված վերջին վարժանքը տեղի է ունեցել մայիսի 26-ին, այսինքն` ամբողջությամբ կատարված է այդ վարժանքը։ Ճգնաժամային ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսները, որ հարկ եղած դեպքում մենք ուղղաթիռին տանք հստակ կոորդինատներ, թե որտեղից կարող է ջուր վերցնել»,- ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ` հորդորելով պահպանել հակահրդեհային կանոնները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս քաղաքացիներին հորդորեց լինել շատ ուշադիր։ Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի ՀՀ կառավարությունը ինքնուրույն ավտոմատ ջրհավաքման մեխանիզմով 2 հրշեջ ուղղաթիռ էր ձեռք բերել։