Բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսությունը. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ՀՀ–ն կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը ԼՂ կարգավորման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,–ասել է Խաչատուրյանը։

Նախագահը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցեն՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է նաև Ֆրանսիայի դեսպանատուն և շնորհավորել արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շնորհավորել է Մակրոնին և Հայաստան հրավիրել նրան։