ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ու ազգայնական գումարտակների անդամները ԴԺՀ–ի` իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքների բուժհաստատություններում սպառազինություն են տեղակայում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«ԴԺՀ–ի Դրուժկովկա քաղաքի №1 պոլիկլինիկայի շենքում (Կոտլյարևսկու փողոց) ՈւԶՈւ զինծառայողները կրակակետեր և դիպուկահարային կետեր են կահավորել, նկուղում որպես կենդանի վահան բռնի պահվում են բուժհաստատության անձնակազմն ու բուժառուները, հաստատության մատույցներն ականապատ են, սակայն տեղի բնակչությունն այդ մասին միտումնավոր իրազեկված չէ», – ասել է նա։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները կահավորել են զորանոցներ, կրակակետեր ու զինամթերքի պահեստներ Ուգլեդարի պոլիկլինիկաներից մեկում։
Միզինցևի խոսքով` բուժհաստատության անմիջապես հարևանությամբ և հարակից տարածքում ծանր տեխնիկա և հրետանի է տեղակայված, ականանետային դիրքեր կան, շենքի տանիքին էլ` դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի հաշվարկներ։
Բացի այդ, ուկրաինացի ուժայինները գրավել են Օդեսայի մարզի բնակավայրերի հիվանդանոցներն ու շտապօգնության կայանները, հիվանդներին, ինչպես նաև ծննդկաններին նորածինների հետ, վռնդել են։
Միզինցևի խոսքով` ուժայիններին խոչընդոտելու փորձ անող բուժանձնակազմին ֆիզիկական բռնության են ենթարկել։
ՌԴ գեներալը ներկայացրել է նաև խաղաղ բնակչության տարհանման տվյալները։ Նա նշել է, որ արդեն ավելի քան 2.5 մլն մարդ ՌԴ է տարհանվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր տարածքներից։ Մասնավորապես անցած մեկ օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ է տարհանվել 32 361 մարդ, որից 5 463 երեխա։
Գեներալի տվյալների համաձայն` Ռուսաստանը մեկ օրում մարդասիրական 5 ակցիա է իրականացրել ԴԺՀ-ում և ԼԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում, տեղի բնակչությանը 477,6 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել։
Բացի այդ, ՌԴ զինվորականներն ու փրկարարները ականազերծման աշխատանքների ընթացքում Դոնբասի հանրապետությունների տարածքում շուրջ 3,9 հազար հեկտար տարածք են ստուգել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 140-րդ օրը։