Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները. 7 անձ ձերբակալվել է

Անտառային հրդեհներ Թուրքիայում
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Մուղլա և Իզմիր նահանգներում բռնկված անտառային հրդեհներն առայժմ չի հաջողվում մարել։
Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է կրակն արագորեն տարածող ուժեղ քամին։
Թուրքիայի Անտառների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Մուղլայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 8 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 103 հրշեջ և 11 փրկարարական տեխնիկա, 520 հոգանոց անձնակազմ։
Իզմիրում հրդեհի դեմ պայքարում են 2 ինքնաթիռներով, 4 ուղղաթիռներով, 17 հրշեջ ավտոմեքենաներով։
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Իզմիր–Չեշմե ավտոճանապարհը հրդեհի ու հրդեհաշիջման աշխատանքների պատճառով փակ է։
Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է անտառային տարածքում կատարված եռակցման հետևանքով առաջացած կայծերից։ Այդ կասկածանքով 7 անձ ձերբակալվել է։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twetter-ում գրել է, որ Մուղլայում անտառային հրդեհից տուժած 4 անձի բուժօգնություն է ցուցաբերվել։