ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման վերաբերյալ տվյալները մոտ ապագայում կմուտքագրվեն էլեկտրոնային շտեմարանում։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:
«Իրականում գազաբալոնների վկայագրման կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի փետրվարի 16-ից, և գազալցակայանները վկայականներ պետք է պահանջեին հենց այդ ժամանակվանից, սակայն պատասխանատվություն չէր նախատեսվում, եթե տրանսպորտային միջոցը վկայագիր չունենար։ Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցի վկայագրված չլինելու դեպքում այն չի կարող լիցքավորվել»,– շեշտեց Սողոմոնյանը։
Առանց վկայագրի գազաբալոն ունեցող լցակայանն այդ մեքենան լիցքավորելու համար կտուգանվի, իսկ տրանսպորտային միջոցի սեփականատերը` ոչ։ Մեկ անգամ խախտում անելու դեպքում ընկերությունը կտուգանվի 200 հազար դրամով, իսկ կրկնվելու դեպքում գումարը կավելանա։
Նշենք, որ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնք այսօր բավականին ծանրաբեռնված են աշխատում։
Այն վարորդները, որոնք դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցի գազաբալոնի վկայագրումը, պետք է մինչև օգոստոսի 1-ը ստանան այդ լիցենզիաները։ Սկզբում վարորդներն այդ հավաստագրերը ստանալու են թղթային տարբերակով, այնուհետև այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան, որն արդեն պատրաստ է։
«Ցանկալի է, որ վարորդները սկզբնական շրջանում թղթային տարբերակով վկայագրերն ունենան իրենց մոտ։ Գազալցակայանները շուտով կմիացվեն այդ էլեկտրոնային շտեմարանին։ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, թե որ գազաբալոնը որքան ժամանակը մեկ պետք է վկայագրվի, հիմնականում գործողությունն արվում է 2 տարով»,– ասաց բանախոսը։
Նրա խոսքով` այն վարորդներն էլ, որոնք գազաբալոնները մինչ այս տեղադրել են լիցենզավորված կազմակերպությունում, վկայագիր ունենալու դեպքում այս փուլում հավելյալ ճշգրտումների, փաստաթղթերի խնդիր չեն ունենա։
Տրանսպորտային միջոցները, որոնցում տեղադրված են գործարանային գազաբալոններ, պարբերաբար ստուգումներ են անցնելու։ Դեռ քննարկումներ են լինելու, և որոշ ժամանակ անց պարզաբանում կտրվի այդ հարցով։
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք կառավարությունը կարող է ազդել գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման ընկերությունների վրա, որպեսզի վերջիններս գները չբարձրացնեն, Սողոմոնյանը պատասխանեց` դա բիզնես գործունեություն է, և գնային քաղաքականությունը կարգավորվում է մրցակցության հաշվին։
Հանրապետությունում դեռևս հստակ չի ուսումնասիրվել, թե քանի մեքենա է շահագործվում գազով։ Ըստ Սողոմոնյանի` դրանց քանակը հստակ իմանալու հնարավորություն կտա այս գործընթացը։
Վկայագրող ընկերությունների մեծ մասն արդեն արտահերթ է աշխատում, որպեսզի հասցնի սպասարկել բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին մինչև օգոստոսի 1-ը, սակայն դրանից հետո էլ գործընթացը կարող է իրականացվել։
Այս պահին ՀՀ–ում գործում է լիցենզավորված 23 ընկերություն, 3 մարզում ընդհանրապես չկա։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանները թույլ կտան ճանապարհային ոստիկաններին առանց մեքենան կանգնեցնելու ստուգել համապատասխան լիցենզիայի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թույլատրի մեքենան լիցքավորել, եթե գազաբալոնի շահագործման վկայական չկա։