ՌԴ-ն Ստամբուլում լուծում է առաջարկել Սև ծովով գյուղմթերքը դուրս բերելու համար

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Ստամբուլում մասնակցում են «հացահատիկի հարցի» շուրջ քառակողմ բանակցություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ստամբուլում ընթացող բանակցությունների շրջանակում սևծովյան նավահանգիստներին լուծում է առաջարկել գյուղատնտեսական արտադրանքը դուրս բերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Ստամբուլում քառակողմ բանակցությունների են մասնակցում Թուրքիայի Հանրապետության գործընկերների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և Ուկրաինայի պատվիրակության հետ ՝ Սևծովյան նավահանգիստներից գյուղմթերքի արտահանման կազմակերպման հարցով։ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստել և քննարկման է ներկայացրել այդ հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը»,- ասել Է գեներալը:

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։