Հայաստանը ֆիլմ նկարելու համար ոգեշնչող տեղ է. Գյուրջյանը ռեժիսորներին կոչ է անում ՀՀ գալ

Մայքլ Գյուրջյան
Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը նվիրված է նրա պապին, որը Հայոց ցեղասպանության վերապրածներից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի առանձնահատկությունն այն է, որ դժվար է «համոզել» օտարերկրացուն դրանք նայել։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կազմակերպված հանդիպմանը նման կարծիք հայտնեց կինոդերասան և ռեժիսոր Մայքլ Գյուրջյանը, որի «Ամերիկացին» ֆիլմով տրվեց «Ոսկե ծիրանի» մեկնարկը։
Հենց այս իսկ պատճառով էլ ռեժիսորը նկարել է մի ֆիլմ, որի պատմությունը, ըստ նրա, կարող է կրկնվել ցանկացած երկրում։ Ի դեպ, «Ամերիկացին» ֆիլմի հերոսը փոքրիկ Չարլին է. նա փախել ու փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով ԱՄՆ մեկնող բեռնատար նավում: 1940-ականներին Չարլին վերադառնում է հայրենիք և տեսնում Խորհրդային Հայաստանը։ Սակայն նրան ձերբակալում են փողկապ կրելու համար, և նա բանտի խցի պատից ճեղքից սկսում է հետևել դիմացի շենքի բնակարանների բնակիչների կյանքին։

«Այս ֆիլմը նվիրել եմ պապիկիս` Մանուկ Գյուրջյանին. նա Հայոց ցեղասպանության վերապրած է։ Մինչև ջարդերը նաև փաշաներից մեկի ձին էր ամեն օր մրցավազքի տանում, իսկ 1915-ին թուրքերը եկել և նրան են փնտրել, որպեսզի սպանեն։ Սակայն թուրք հարևանները պապիկիս արկղի մեջ են թաքցրել և ԱՄՆ մեկնող նավում տեղավորել։ Ողջ ընտանիքը զոհվել է` միայն պապիկս է ողջ մնացել։ Այսպես մենք հայտնվեինք ԱՄՆ-ում»,- պատմեց Գյուրջյանը։

«Ամերիկացին» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են նաև ՀՀ-ում, սակայն դրանք բարդ ընթացք են ունեցել. նկարահանումներից մեկ շաբաթ հետո կորոնավիրուսի սահմանափակումներն են սկսվել, և շուրջ 2 ամիս նկարահանման աշխատանքները դադարեցվել են։ Գյուրջյանն ասում է` Հայաստանում հեշտ է նկարահանումներ իրականացնել, քանի որ ազատություն կա, քաշքշուկը քիչ է։ Օրինակ, ֆիլմի դրվագներից մեկում պետք է այծ լիներ, ինչը շատ հեշտությամբ է ստացվել, իսկ ԱՄՆ-ում դրա համար հատուկ լիցենզիա է պետք։ Նա ասում է` կուզեր երիտասարդ ռեժիսորներին խորհուրդ տալ շատ այցելել ՀՀ և հենց այստեղ նկարահանումներ իրականացնել, որպեսզի փորձի փոխանակում լինի, մեկը մյուսին լրացնի։
«Հայաստանը ֆիլմ նկարելու համար ոգեշնչող տեղ է. ճիշտ է, օրինակ, լավ վերամբարձ կռունկ չկա այստեղ, սակայն նկարահանման արդյունքը լավն է լինում, եթե ուզում ես»,-ասում է Գյուրջյանը։
Օսկարակիր ռեժիսորներ, «Ոսկե արմավենու» դափնեկիրներ. «Ոսկե ծիրանի» բացումը՝ լուսանկարներով
Իսկ հարցին, թե ինչ է նշանակում հայ, ռեժիսորն ասում է` իր համար դեռ հարց է դա, քանի որ ինքնության հարցը կենդանի պրոցես է։ Սակայն Գյուրջյանն ասում է` ինքը հայի նման չէ, և կարծես իրեն կեղծ հայ է զգում, «ձևացնող հայ»։
Իսկ ինչ վերաբերում է գալիք ծրագրերին, ապա կինոռեժիսորը նշում է, որ տարբեր բաներ է մտմտում` գուցե Հայաստանում ֆիլմ նկարի, որպեսզի ցույց տա, որ այստեղ էլ հնարավոր է լավ ֆիլմ նկարել, որը կարող է և Հայաստանի մասին չլինել։ Բացի այդ, ռեժիսորը մտածում է նաև հայերեն ֆիլմ նկարելու մասին։
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 10-17-ը։