ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել։ Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընդդիմության հարցին, ասել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին ինքը եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը, որտեղ եղել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Ըստ պատգամավորի` Վաչիկ Սաղաթելյանն իրեն խնդրել է, որ թույլ տա ինքը գնա տուն` ասելով, որ հիվանդ է։
Այսպես, կայքը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ` հետաքրքրվելով, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին և այլն։
«Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել»,–ասված է ՊՆ պատասխանի մեջ։
Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային։ Բացի այդ, նշվում է նաև, որ զորամիավորման հրամանատարի հրամանով ջոկատը նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը):
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն անդրադարձել էր նաև Գրիգորյանի վերաբերյալ տարածված տեղեկություններին, թե նա գրանցված է եղել ու մինչև 2018 թ.–ը պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարել է այցելել բուժհաստատություն։ Կայքը փորձել էր տեղեկությունները ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության պատասխանում լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են. հղում անելով օրենքներին` նշել են, որ պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության ու սպասարկում ստանալու մասին տեղեկությունները բժշկական գաղտնիք են։