Պետությունը կանոններ սահմանելու իրավունք ունի. ԵՄ-ի պատասխանը Թովմասյանին

ԵՄ-ն ուշադիր հետևում է Երևանում տեղի ունեցող գործընթացներին և կարևորում է ընդդիմության գործունեությունը խորհրդարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ԵՄ-ն և անդամ պետությունները մեծ կարևորություն են տալիս արտահայտվելու և հավաքների ազատությանը, սակայն յուրաքանչյուր պետություն ունի իրավունք սահմանելու կանոններ, ինչպես նաև կարգապահական ընթացակարգեր իր պաշտոնյաների և պատգամավորների համար՝ կապված նրանց պարտականությունների և պատասխանատվության հետ։ Նման կարծիք են հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ի պատասխան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրատապ նամակների։
Նշենք` Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումների նախագծերի շրջանառումից հետո գրություններ է ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` նշելով, որ իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։
Մեջբերելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները (Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում)՝ ԵՄ–ից միաժամանակ նշել են, որ ԵՄ պատվիրակությունն ու անդամ պետությունները չեն կարող դատել, թե արդյոք հուլիսի 1-ին կայացված որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։ Նրանք նշել են, որ դա ՀՀ համապատասխան մարմինների խնդիրն է։
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում ենք Երևանում ընդդիմության ցույցերին վերաբերող իրադարձություններին։

«Ինչպես հաստատված է Վենետիկի հանձնաժողովի կողմից (Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունների պարամետրերը), քաղաքական ակցիաները կարող են իրականացվել տարբեր ուղղություններով, և նիստերին մասնակցությունը ակցիայի եզակի ձևը չէ։ Ուստի խորհրդարանական բոյկոտը կարող է դիտվել որպես ընտրված ներկայացուցիչների կողմից ակցիայի ձև»,- նշել է նա։

Ջիակոմոպուլոսն ուշադրություն է հրավիրել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, համաձայն որի` «այնուամենայնիվ հասկանալի կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր հաճախելիության կանոն և մատնանշվեին տույժեր թերացող անդամների նկատմամբ՝ սկսած փոխհատուցման մասնակի կամ ամբողջական վերացումից մինչև ձայնի իրավունքից զրկումը, սակայն առանց մանդատի կորուստ նախատեսելու»։
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ընդդիմությունը կվերադառնա ԱԺ. դեսպանը պատասխանել է Թովմասյանին
Նրա խոսքով` ինչ վերաբերում է ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքի կազմակերպված և երկարատև բոյկոտին, այն չի կարող ամբողջությամբ բացառվել որպես քաղաքական վարքագծի լեգիտիմ ձև, բայց այն թույլատրելի է միայն հազվադեպ և շատ ծայրահեղ հանգամանքներում, երբ Խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ է մեծամասնության գործողությունների արդյունքում։ Ընթացիկ քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունները, նույնիսկ դրանցից գլխավորները, Ջիակոմոպուլոսի դիտարկմամբ, չեն կարող արդարացնել բոյկոտը։
Թագուհի Թովմասյանն իր հերթին հույս է հայտնել, որ իշխանությունը հետևություններ կանի միջազգային գործընկերների հորդորներից և կդադարի վրեժխնդիր լինել ընդդիմադիրների նկատմամբ։