ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը», - ասել է Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ կողմից 2019թ. Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը ծավալել է հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն:
Արիսյանն ընդգծել է, որ իր համար, նաև որպես սիրիահայի, պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ Արիսյանը դեսպան է նշանակվել մայիսին։