ԴԺՀ-ի Գորլովկա բնակավայրում մանկապարտեզի շենքը հրդեհվել է շենքի տանիքին ուկրաինական զինամթերքի ուղիղ հարվածից հետո: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։
«Գորլովկա։ Ուկրաինական արկն ընկել է ուղիղ թիվ 86 մանկապարտեզի տանիքին, Ռումյանցևո ավանում։ Շենքն այրվում է»,- հայտնել է Պրիխոդկոն։
Ավելի վաղ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի գնդակոծման մասին: Նշվում էր, որ ուկրաինացի զինվորականները քաղաքի ուղղությամբ «Գրադ» ՀԿՌՀ-ից 20 հրթիռ են արձակել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։