ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են,այժմ ընթանում են ներքին հարդարման, հատակների կառուցման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը` նշելով, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հետևել է շինարարության ընթացքին։
«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքները, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ է»,–ասված է հաղորդագրությունում։
Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
© Photo : press office of Shirak municipality
Կապալառու կազմակերպության՝ «Գևորգյան Ներսիսյան» ՍՊԸ–ի ղեկավարը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար։
Տարածքային կենտրոնը` որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող կառույց, Գյումրու բնակիչներին մեկ պատուհանի միջոցով տրամադրելու է սոցիալական 4 ծառայություններ. այնտեղ գործելու են սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: