Երևանում կապկպել են գրասենյակի ղեկավարին ու աշխատակցին և ծեծել. մանրամասներ

Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո իրավապահներն առգրավել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
Sputnik
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Երևանի Փափազյան փողոցում գործող գրասենյակներից մեկում իրականացված ավազակային դեպքի մանրամասները։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 11-ին անհայտ անձինք մտել են օտարերկրացիների գրասենյակ, գումար ու բջջային հեռախոսներ հափշտակել և փախել։
«Նախնական տվյալով` ժամը 17:40-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և ատրճանակի նմանվող առարկայի ու դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար: Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, որին ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ:
Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: