ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը մտադիր է լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել հատուկ հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։ Երկու միլիարդ եվրոյի հատկացումն արդեն համաձայնեցվել է: Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին քաղաքականության կոմիտեների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։
«Մենք այժմ քննարկում ենք 500 մլն եվրոյի չափով հինգերորդ տրանշի հնարավորությունը», - ասել է նա:
Սանինոն նշել է, որ այդ հիմնադրամի միջոցով առաջին անգամ է ֆինանսավորվում զենքի մատակարարումը։
Եվրամիությունն արդեն չորս անգամ 500-ական մլն եվրո է հատկացրել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության համար։ Սպառազինության գնումների ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ եվրո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 139-րդ օրը։