ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գալու նպատակով երկրում ծավալված լայնածավալ արշավի շրջանակում հազարավոր ստորագրություններ է հավաքել խոշոր քաղաքներում, ավելի քան հարյուր գավառներում և շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Aydınlık թերթին։
«Թուրք ժողովուրդը ապստամբում է ՆԱՏՕ-ի դեմ։ Մեր կոչերը կարճ ժամանակում քամու պես տարածվեցին ավելի քան 100 նահանգներում և շրջաններում, հազարավոր ստորագրություններ հավաքեցին և աջակցություն գտան մեր քաղաքացիների մոտ»,- մեջբերում է թերթը կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալայի խոսքը։
Vatan («Հայրենիք») կուսակցությունը մտադիր է Թուրքիայի կառավարությանը առաջարկել դուրս գալ ՆԱՏՕ-ից. դաշինքի դեմ քաղաքականությունը կարևոր է երկրի տնտեսական ապագայի համար, ավելի վաղ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը: «Հայրենիքը» ներկայացված չէ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում (խորհրդարանում), ակտիվորեն հանդես է գալիս Եվրասիական տարածքի հետ Թուրքիայի սերտ համագործակցության օգտին, կոչ է անում Անկարային ճանաչել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: