ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հայաստան- Վրաստան սահմանին` Բավրա գյուղի մոտ, այսօր առավոտյան գրանցված երկրաշարժերի հետևանքով Շիրակի մարզում հնարավոր փլուզումների մասին ահազանգեր չեն եղել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»,- հայտնում է մարզպետը։
Հիշեցնենք` այսօր, առավոտյան ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք ընկած տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։
Մամուլում տեղեկություններ կան, որ Շիրակում երկրաշարժը խուճապ է առաջացրել։ Մարդիկ արթնացել են ցնցումներից։ Շատերը շտապել են դուրս գալ տներից։