ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ գործադիր մարմինը։
«Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին, և արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը ԱԺ–ում դեռևս գոյություն ունի և նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները»,– նշված է հաղորդագրությունում։
Նիստի ընթացքում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքը եղել և մնում է գործող վարչախմբի հեռացումը։ Ընդգծել են, որ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական և հասարակական ուժերի ու գործիչների հետ։
Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված նաև այլ հարցեր։
Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման և ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։ Նիստին ներկայացվել է նաև ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։
Քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի շուրջ առկա անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դրեց հունիսի 21-ին։